«Հեղինակային երգ» տերմինը հայերենում փոխառվել է ռուսերենից (ՈՉՑՏՐրՍՈ տպրվ): «Ինչ-որ ժամանակ վեճեր են եղել դրա շուրջ, քանի որ առանց հեղինակի երգ չի կարող լինել: Այսօր կարծես ոչ ոք չի վիճում»,- ասում է «Իրատես de facto»-ի այսօրվա հյուրը` երգիչ-երգահան ԷԴՈՒԱՐԴ ԶՈՐԻԿՅԱՆԸ։
-Երգն ու երաժշտությունը, շոուները չափից ավելի են ողողել հեռուստատեսությունը. սա ի՞նչ է` hայկական սովորությո՞ւն, կրկնել այն, ինչն ուրիշների մոտ լավ է ստացվո՞ւմ, թե՞ «Հաց ու զվարճանք» հայտնի քաղաքական ենթատեքստն է ներառում:
-Յուրաքանչյուր կատարողի թիկունքին կանգնած է որևէ պրոդյուսեր, այսինքն, գումար վաստակելու խնդիր է: Հեռուստատեսությամբ, ռադիոյով, տարբեր ամսագրերում ներկայացնում են որևէ մեկին, դարձնում ժողովրդի սիրելին, հետո այդ անձը սկսում է «կլկլացնել», հետո էլ պարզվում է, որ շաբաթը չորս հարսանիքում է երգում: Հայկական բնավորություն է` գլուխ են գովում, որ իմ հարսանիքին երգելու է «այսինչը», թեկուզ մեկ երգ: Եվ, որքան գիտեմ, բավականին մեծ գումարներ են վերցնում:
-Չգիտեմ, հասարակությո՞ւնն է մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հասցրել աստղային մակարդակի, թե՞ իրենք իրենց: Փաստն այն, է, որ նույն հասարակությունը ցավագին տարավ նրանց բնակարանային մրցանակները: Հանկարծահաս այդ ցնցումը, ենթադրում եմ, խոր հիմքեր ուներ:
-Որքան ինձ հայտնի է (գուցե ասեկոսեներ են, չգիտեմ) մրցանակաբաշխության կազմակերպիչները երկու խմբի են բաժանվել, մի խումբն անցկացնում է «Տաշիր», մյուսը` «Արմենիա» մրցանակաբաշխությունը: Մրցակցության խնդիր է եղել, մասնակիցներին իրենցով անելու քաղաքականություն:
-Լավ, իսկ ժողովո՞ւրդն ինչու այդպես բուռն արձագանքեց, եթե, ասենք, մեր մարզիկները ստանային այդ մրցանակը, համոզված եմ` նման հակազդեցություն չէր լինի:
-Չեմ կարծում, թե ճիշտ է այն, ինչ առաջարկում էր հասարակությունը` բնակարանները զիջել կամ նվիրել մարդկանց` երկրաշարժից տուժածներին, փախստականներին: Նման մարդկանց բնակարաններով ապահովելը պետության խնդիրն է, ոչ թե երգչի, երգչուհու կամ գործարարի: Գործարարը թող իր հարկերը վճարի ճիշտ ժամանակին, ճիշտ չափով և ոչ թե հարկային դաշտից դուրս գա ու բարեգործությամբ փորձի թոզ փչել ժողովրդի աչքին: Մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է` ինչ արժեն այդ նվերները, որն է դրանց գինը: Եթե այդ գործարարներին կարողանային բերել հարկային դաշտ, կասկածում եմ, որ նրանք դրանից հետո բարեգործությամբ զբաղվեին:
-«Տաշիր 2011»-ի մրցանակները 10-1000 անգամ գերազանցում են ՀՀ-ում ընդունված և գործող գիտական, մշակութային և այլ պետական մրցանակները, պարգևավճարներն ու դրամաշնորհները: Այսինքն, խոսքը ծայրահեղ բևեռացման մասին է: Վիրավորանքի, արդար զայրույթի գործոն չե՞ք տեսնում այս բոյկոտի մեջ:
-Ժողովուրդը չպետք է վիրավորվի աստղերից, պետք է վիրավորվի իր ղեկավարներից: Որքան գիտեմ` միայն տափաստաններում, անապատներում օրենքներ չկան, դրանցից դուրս, երկրագնդի ցանկացած կետում, գործում է օրենքը: Եթե գործարարները հարկ չեն վճարում, նշանակում է սա պետություն չէ, այլ տափաստան, անապատ, մի կետ, որտեղ դեռ օրենք չի հաստատվել: ՈՒզում ենք ունենալ պետություն, բայց, չգիտես ինչու, մեքենաների քանակն է ավելանում, ամառանոցների ու արտասահմանյան բանկերի հաշիվները:
-Մեր երգարվեստում մեծ տեղ էր զբաղեցնում ադրբեջանական «խաղերով» երաժշտությունը, սակայն երբ մեր երիտասարդ երգահաններից մեկն արտահայտեց իր սերը ադրբեջանական երաժշտության նկատմամբ, նրա դեմ բողոքի հսկա ալիք բարձրացավ: Սա՞ էլ կեղծ բոյկոտ էր:
-Դա սուտ, որևէ հիմք չունեցող խոսակցություն է: Երիտասարդին բոյկոտում են, բայց իրենց տներում լսում են այդ երաժշտությունը: Երբ խորհրդային տարիներին գնում էիր մերձբալթյան որևէ հանրապետություն և ռուսերեն էիր խոսում, քեզ չէին պատասխանում: Որովհետև այդ մարդիկ, իրոք, գերված էին ռուսական կայսրության կողմից ու ազատագրում էին երազում: Սա է պատճառը, որ այսօր այդ հանրապետությունները ծաղկում են, ոչ այն պատճառով, որ Եվրոպային մոտ են, կամ Ամերիկան է օգնում: Ոչ, իրենք ուզում էին ազատ ու անկախ լինել։ Իսկ մենք այդ 70 տարիներին գլուխ ենք գովել, որ ամենահյուրասեր ժողովուրդն ենք: Այն, ինչ մենք անվանում էինք հյուրասիրություն, ստրկամտություն էր: Երբ դու ավելի լավ ես խոսում ռուսերեն, քան ռուսը, սա աննորմալ երևույթ է: Մինչդեռ մենք հպարտանում էինք, թե միակ ժողովուրդն ենք, որ առանց առոգանության խոսում ենք ռուսերեն: Նույն սուտն այսօր էլ կա. բոլորի մեքենաներից այդ երգը լսվում է, տներից լսվում է, ռեստորաններում նույն կլկլոցն է, ու մեկ էլ մի երիտասարդ հանդգնում է ինչ-որ խոսք ասել, քիչ է մնում դավաճան որակեն նրան: Մարդը շատ ճիշտ արեց, ապտակեց բոլորին, այն միտքը, թե` այդ երաժշտությունն ինձ իմ ընկերներին դուր է գալիս, կարծում եմ, բոլորին էր ուղղված: Այսինքն, ժողովո՛ւրդ, քեզ դուր է գալիս դա, դրա համար էլ ինքն ու իր նմանները կլկլացնում են: Որովհետև դա՛ է վարձատրվում, դա՛ է խրախուսվում:
-Սոցկայքերը հնարավորություն են տալիս երիտասարդների տարբեր խմբերի մասին պատկերացում կազմելու, և պետք է ասել, որ հայրենասիրական, առողջ գաղափարներ են նկատվում երիտասարդների շրջանում: Իրո՞ք ունենք լավ երիտասարդություն, դա էլ հո կեղծ չէ՞:
-Ոչ, կեղծ չէ: Շատ ուրախալի է, որ նման երիտասարդություն կա, չէ՛ր կարող չլինել, պիտի՛ լիներ, բայց դրա կողքին կարող եմ բերել երիտասարդության մյուս հատվածի օրինակը, որը, մեկի հրամանով, կարող է միանգամից հարձակվել ինչ-որ մեկի վրա, ցույցեր անել և այլն: Իշխանական թևի երիտասարդությանը նկատի ունեմ: Թող չարգելեն ազատ արտահայտվելու իրավունքը, ժամանակի ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի:
-Կա՞ այդ արգելքը:
-Իհարկե, կա: Քանի՞ հեռուստաընկերություն կա, քանի՞ թերթ կա, ու քանի՞սն են անկախ: Այսինքն, այն օղակը, որն ազդեցիկ ուժ պիտի լիներ, վերցնում են իրենց թևի տակ կամ նախապայմաններ են ստեղծում, որ փակվի։
-Խոսենք Ձեր արվեստի մասին: Հեղինակային երգն այսօր ունկնդիր ունի՞:
-Նման երգաոճը քչերին է դուր գալիս: Եթե ուշադիր լինեք, պատկերասրահներում մարդիկ մեծ մասամբ անցնում են այն նկարների կողքով, որոնք ստիպում են մտածել: Սա լավ երևույթ չէ: Մարդուն բնորոշ են մտածելը, նայելը, փնտրելը: Պիտի թույլ տա, որ կտավն իր վրա ազդի, երգն իր վրա ազդի: Բայց մեծ մասը գերադասում է չմտածել, որովհետև այդպես դժվար է ապրելը: Անդրեյ Տարկովսկին ասել է` հեղինակային երգը գրում են մտածող մարդիկ մտածող մարդկանց համար: Հաճախ հարցնում են` հանդիսատեսը շա՞տ է, քի՞չ է: Դե, եթե Տարկովսկին ճիշտ է ասել (իսկ նա, վստահ եմ, ճիշտ է ասել), ուրեմն, քիչ է հանդիսատեսը, բայց ուրախալի է, որ չի պակասում:
-Հեղինակային երգի վարպետները նույնպես քիչ են, մրցակցություն կա՞:
-Մրցակցությունը հայտնվում է այնտեղ, ուր փող կա: Նույն կերպ չկա մրցակցություն դասական երաժշտության ոլորտում: ՈՒղղակի, դու անում ես մի բան, որ չես կարող չանել:
-Ո՞Ւմ եք լսում Դուք:
- Ժամանակ ու հանգիստ վիճակ չի լինում, որ լսես ինչ-որ բան: Ռուբեն Հախվերդյանի երգերն են ինձ դուր գալիս: Վերջերս լսում էի «Արաքս» խմբի կատարումները: Տիգրան Տեր- Ստեփանյանն է ղեկավարում խումբը, որը ներկայումս Բելգիայում է ապրում: Խմբում կան և՛ հայեր, և՛ բելգիացիներ, կատարում են ժողովրդական, Կոմիտասի երգերը: Եթե տեսահոլովակներն առաջարկեին Հ1-ին, համոզված եմ, լավագույն դեպքում մի անգամ կհայտնվեր եթերում:
-Ի՞նչ է անում այսօր Էդուարդ Զորիկյանը:
-50-ամյակս է լրանում, և ընկերներս նախատեսել են համերգի ձևով նշել, կմասնակցեն հեղինակային երգաոճում ստեղծագործող մարդիկ:
-Առհասարակ, հեղինակային երգի կատարողներն ունե՞ն հավաքվելու, միասին երգելու ավանդույթ:
-Այո, Թումանյան 40 հասցեում գտնվող ակումբում ամեն ուրբաթ հավաքվում ենք, ի դեպ, գալիս են ոչ միայն Երևանից, այլև հանրապետության տարբեր մարզերից: Ամեն մեկը ներկայացնում է իր երգը:
-ՈՒնենք սիրված անուններ հեղինակային երգի ասպարեզում` Վահան Արծրունի, Ռուբեն Հախվերդյան, Արմեն Մարտիրոսյան, Արթուր Մեսչյան, Էդուարդ Զորիկյան: Երիտասարդների շրջանում հայտնի անուններ կա՞ն:
-Արեգ Նազարյան, որն այսօր բնակվում է Բելգիայում:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ